Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել են 23 զինյալներ։ Այս մասին Press-TV հետուստալիքին հայտնել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մաջիդ Արջմանդֆարը։
Նրա խոսքով՝ մինչ վերջերս տարածաշրջանում գործում էին հինգ անօրինական զինված խմբավորումներ, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի Քրդստան և Արևմտյան Ատրպատական նահանգներում։ Բացահայտվել են զինյալների հենակետերը Իրաքին և Թուրքիային սահմանակից շրջաններում։ Ողջ մնացած ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային մեղադրել է այն խմբավորումներին աջակցության մեջ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակն Իրանում։ «Այդ երկու երկրների հատուկ ծառայությունները ապահովում են հանդերձանքով և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում (Իրանում գործող) քրդական անջատողական «Փեժակ» խմբավորմանը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մասնաճյուղն է»,- նշել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչը։
ԻՀՊԿ-ի հակաահաբեկչական գործողությունն Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է արդեն երկու ամիս։