Գերմանիայի Անսբախ քաղաքում հզոր պայթյուն է եղել, ահաբեկիչը զոհվել է, ևս 12 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին Անսբախի կենտրոնում՝ ռեստորաններից մեկում: Հանգստյան օրերին քաղաքում երաժշտական փառատոն էր անցնում, որի այցելուներն էլ, հավանաբար, եղել են հարձակման թիրախը:
Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել էին, որ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչություն է եղել:
Բավարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, 12-ն էլ՝ վիրավորվել: Ոստիկանների տվյալներով պայթյունը հենց զոհված ահաբեկիչն է կազմակերպել:
Նրա անձը գրեթե միանգամից պարզել են: Նա 27-ամյա սիրիացի է եղել: Ոստիկանությունը չի բացառում, որ ահաբեկիչը կարող էր ծայրահեղական խմբավորումների անդամ լինել, բայց առայժմ այս տեղեկությունը հաստատված չէ: Սիրիացու հնարավոր հանցակիցների մասին նույնպես տեղեկություններ չկան: