Բեռլինն ակնկալում է, որ Թուրքիայում կհարգեն լրատվամիջոցների ազատությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը: Հիշեցնենք, որ այսօր թուրքական դատախազությունը 42 լրագրողի ձերբակալության թույլտվություն է տվել: Շարունակվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված լրագրողների հետախուզությունը: Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո լրագրողների դեմ սկսված արշավի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Եվրահանձնաժողովը, ԵԱՀԿ-ն, Մամուլի միջազգային ասոցիացիան:
«Թուրքիայից շատ տագնապահարույց լուրեր են ստացվել 42 լրագրողի ձերբակալությունն արտոնելու համար: Ուշադիր կհետևեմ դրան», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Մամուլի միջազգային ասոցիացիայի նախագահ Թոմ Վեյնգառներն իր հերթին հայտարարել է, որ Էրդողանի ռեժիմը արշավ է սկսել ԶԼՄ-ների դեմ, որպեսզի քողարկի իր ավտոկրատ բնույթը և արմատական ազատությունների աճող վերացումը. «Թուրքիայի կառավարությունը վախենում է ԶԼՄ-ներից, քանի որ թաքցնելու բան ունի»:
Սակայն, հարկ է նշել, որ լրագրողները միակը չեն, որ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտնվել են թուրքական իշխանությունների թիրախում: Այսպես, հեղաշրջման անհաջող փորձից հետո աշխատանքից ազատվել են մոտ 46 հազար պետական ծառայողներ, որոնց հիմնական մասը՝ մոտ 43 հազարը, կրթության ոլորտի աշխատողներ են: Ռազմական հեղաշրջման փորձի հետ կապի մեջ կասկածվում են նույնիսկ անչափահասներ: Այսպես, հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 62 երեխա, որոնք մինչ օրս բանտերում են մնում, հայտնում է The Telegraph-ը։ Խոսքը զինվորական դպրոցի աշակերտների մասին է։ Նրանց ձերբակալել են պետության դեմ դավադրությանը մասնակցություն ունենալու կասկածանքով։
Նման մեղադրանքով արդեն ձերբակալվել է ավելի քան 13 հազար մարդ: Ինչպես նշում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հղում կատարելով իր տրամադրության տակ եղած հավաստի վկայություններին, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են տարբեր տեսակի չարաշահումների, ներառյալ՝ ծեծի և բռնաբարության: Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անկախ դիտորդներին հասանելիություն տրամադրել ձերբակալվածներին նրանց պահելու բոլոր վայրերում, որոնց թվում են ոստիկանական վարչությունները, սպորտային կենտրոնները և դատարանների շենքերը: Նշվում է, որ Amnesty International-ը տեղեկություններ է ստացել, որ թուրքական ոստիկանությունն Անկարայում և Ստամբուլում ձերբակալվածներին պահում է սթրեսային պայմաններում մինչև 48 ժամ՝ զրկելով սննդից, ջրից և բուժօգնությունից, նաև սպառնալով և վիրավորելով նրանց:
Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացնում Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավորությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն արդեն հայտարարել է, որ մահապատժի օրինականացման դեպքում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կդադարեցվեն: Սակայն, ամենայն հավանականությամբ, Էրդողանը չի հրաժարվի զինված հեղաշրջման փորձի արդյունքում ստեղծված հնարավորությունից՝ ազատվելու իր բոլոր ընդդիմախոսներից և իշխանությունն էլ ավելի ամրապնդելուց: