ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին իր քաղաքացիներին հասցեագրված զգուշացումները և արտոնել է Թուրքիայից ամերիկացի դիվանագետների ընտանիքների հեռանալը՝ կապված արտակարգ դրություն հայտարարելու հետ: Այս մասին նշված է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղ գտած հայտարարության մեջ:
«ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնել Թուրքիայում ահաբեկչական խմբերի կողմից սպառնալիքի բարձրացման մասին, և խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց»,- ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ ընտանիքների կամավոր հեռանալն առնչվում է նաև Իզմիրում ու Ադանայում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցներին: