Թուրքիայում փոքրամասնություններին հասկացնում են, թե նրանք նոր գործընթացներում տեղ չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 3 կուսակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումը, հաղորդում է Ermenihaber-ը:
Ըստ Բալուքենի՝ այն փաստը, որ վերոնշյալ հանդիպմանը հրավիրված չի եղել ընդդիմադիր ճամբարից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունը, դրանով ուղերձ է հղվել քրդերին, ալևիներին, հայերին և ասորիներին՝ նրանց հասկացնելով, որ նրանք տեղ չունեն Թուրքիայի նոր գործընթացներում:
ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահն ընդգծել է, որ ԺԴԿ-ին չհրավիրելու հարցում միակ պատասխանատուն Էրդողանը չէ, քանի որ այդ գործընթացին հավանություն են տվել նաև հանդիպմանը մասնակցած կուսակցությունների առաջնորդները: