ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներ՝ հայր և որդի Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ նրանք հիվանդանոց են ընդունվել հուլիսի 27-ի գիշերը՝ 01:00-ի սահմաններում, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Էրեբունի ԲԿ ժամը 1-ին ընդունվել է երեք վիրավոր, որոնցից 1-ը ոստիկանության աշխատող: Ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել են համապատասխան միջամտություններ՝ վիճակը համարվում է կայուն: Ընդունվել են նաև Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը, որոնց համապատասխան միջամտություն է կատարվել»,- ասաց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Հաղորդվում է, որ նրանք երկուսն էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայր և որդի Մանուկյանների վիճակը գնահատեց որպես ծանր, սակայն կայուն և վերահսկելի, երկուսն էլ արհեստական շնչառության պայմաններում են: