ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ:
Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ հաղորդված տվյալների,նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։
Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի առողջական, ապա համաձայն ստացված տվյալների՝ նրա վիճակը կայուն ծանր է, սակայն առկա է ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։
Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։