Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը պարզաբանում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության կողմից Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման մասին տեղեկատվությունը:
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 23-ին դեսպանությունը նոտա է ստացել Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացի Մ. Վ. Ուելդանովի ձերբակալման մասին, որին կասկածում են մեծ քանակի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման կամ պահպանման մեջ:
Մի քանի օր անց դեսպանություն է դիմել քաղաքացի Մ. Վ. Միրզոյանը և հայտարարել, որ ձերբակալվածը իր եղբայրն է, նրա իրական ազգանունը Գալուստյան է և նա ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի ապօրինի իրացման , այլ լրտեսության կասկածանքով:
ՌԴ դեսպանությունը դիմել է Ադրբեջանի համապատասխան մարմինների՝ խնդրելով պարզաբանումներ տալ և թույլատրել հյուպատոսարանի աշխատակիցներին տեսակցել Ռուսաստանի քաղաքացուն: