Թուրքիայում ուղիղ եթերից հեռացվել է Մարմարայի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Նուրշեն Մազըջըն` Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) քննադատելու համար: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Birgün թերթի կայքին:
Ուղիղ եթերով հեռարձակվող «Enine Boyuna» հաղորդման ընթացքում Մազըջըն անդրադարձել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին՝ նշելով, որ նախագահ Էրդողանի կողմից ժողովրդին ուղղված փողոց դուրս գալու կոչը սխալ քայլ էր, քանի որ տվյալ պահին նրանց անվտանգությունը չէր կարող ապահովվել:
«Այն գիշեր բոլոր մահացածների կյանքն առնվազն նույն չափով կարևոր էր, որքան Թայիփ Էրդողանի կյանքը», - նկատել է Մազըջըն:
Պրոֆեսորը նաև հրաժարվել է «շեհիթ» (նահատակ) կոչել այդ օրը զոհվածներին՝ պատճառաբանելով, որ դա կրոնական բովանդակություն ունեցող բառ է և ինքը, որպես գիտնական, իրավունք ունի հրաժարվել այդ բառի կիրառումից:
Հաղորդմանը ներկա գտնվող ԱԶԿ-ական ներկայացուցիչների և Մազըջըի միջև բանավեճ է ծավալվել, որի ժամանակ իշխանամետները պրոֆեսորից պահանջել են ներողություն խնդրել իր խոսքերի համար:
Գովազդային ընդմիջումից հետո Նուրշեն Մազըջըն այլևս չի մասնակցել հաղորդմանը:
Ավելի ուշ Մարմարայի համալսարանը միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում նշված է, որ դեպքի առթիվ պրոֆեսոր Նուրշան Մազըջըի դեմ իրավական և վարչական հետապնդումներ են սկսվել: