Մի քանի ամսից կլրանա Արցախի «Գանձասար» գիտամշակութային Մատենադարանի մասնաճյուղի հիմնադրման մեկ տարին:
Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի և հանրայնացման գործունեության և միջազգայնացման պատասխանատու Արամ Թորոսյանը նշել է, որ իրենք հանդիպել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել Մատենադարանի գործունեության հետագա քայլերի և անելիքների մասին հարցեր:
«Ընթացիկ տարվա նոյեմբերին` փիլիսոփայության համաշխարհային օրվան ընդառաջ, կայանալու է «Արիստոտելյան ընթերցումներ» միջազգային գիտաժողով: Այն տեղի է ունենալու նախ` Երևանում, այնուհետև` Արցախում: Այդ գիտաժողովը ևս խթան է հանդիսանալու Արցախի միջազգային ճանաչման համար: Մենք վստահ ենք, որ այն, ինչ ստեղծվում և պահպանվում է, ունի նաև ներկայացնելու խնդիր, և դրանք հավասարազոր և համարժեք գործողություններ են: Մենք բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ևս աշխատանքներ ենք տանում»,-մասնավորապես ասել է Ա. Թորոսյանը և ընդգծել, որ ինչքան խիզախ է զինվորը, նույնքան էլ գրագետ պետք է լինի գրիչը, և նրանք պետք է գործեն միասին. քանի որ միասնաբար հանդես գալու դեպքում է հայն անպարտելի: