Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները. Լավրով

17:26     27 հուլիսի, 2016

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել են 2008 թվականի սեպտեմբերին:

Այդ մասին ասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վիտալի Զոլոչևսկուն հասցեագրած նամակում: Զոլոչևսկին ընթացիկ տարվա հունիսին դիմել էր Ռուսաստանի արտգործնախարարին՝ խնդրելով դիտարկել ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը:

Պատասխան նամակում Սերգեյ Լավրովն ընդգծել է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարևորությունը: Լավրովը նշել է, որ ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրում դրա համար, ինչի արդյունքում վերջին տարիներին վերսկսվել է տրանսպորտային հաղորդակցությունը, Վրաստանի քաղաքացիների համար ազատականացվել է վիզային ռեժիմը, զարգանում են հումանիտար կապերը:


© armedia.am