ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Երևանում զինված խմբի կողմից ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին։
«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:
Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն»,-ասվում է հաղորդագրությունում:
Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Դեսպանատունը անընդունելի է համարում նման գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ արձակել այդ անձանց։