Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում փակվել է հայ բժշկին պատկանող արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող «İstanbul Tüpbebek» կլինիկան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքին:
Կայքի տեղեկացմամբ՝ կլինիկայի բաժնետոմսերի 61.5%-ը պատկանում է նրա հիմնադիր, ազգությամբ հայ, դավանանքով` քրիստոնյա Արետ Քամարին:
Նշվում է, որ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական ստուգման, որից հետո եզրակացվել է, որ կլինիկան կապ ունի «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) հետ, ինչի հիման վրա որոշում է կայացվել կենտրոնը փակելու մասին:
«Մենք այդ կառույցի հետ որևէ կապ ունենալ չենք կարող, սակայն կլինիկայի փակման որոշումը կայացրել է կառավարությունը, հետևաբար մենք ոչ դատարան կարող ենք դիմել, ոչ էլ փաստաբանները կարող են օգնել», - «Ակոս»-ի հետ զրույցում հայտնել է Արետ Քամարը: