Վիրջինիա նահանգից սենատոր Թիմ Քեյնը հաստատվել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ նրա թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել Ֆիլադելֆիայում անցկացվող կուսակցական համագումարի մասնակիցների կողմից։ Նա մրցակիցներ չի ունեցել։
Համաձայն Սենատի կայքում տեղադրված կենսագրական տվյալների՝ Քեյնը 58 տարեկան է, գերատեսչությունում աշխատում է 2012 թվականից։ Ավելի վաղ քաղաքական գործիչը եղել է Ռիչմոնդի քաղաքապետ (1998-2001 թթ.), Վիրջինիայի փոխնահանգապետ (2002-2006 թթ.), ապա՝ նահանգապետ (2006-2010 թթ.), 2009-2011 թթ. եղել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։