Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանների իսկական որս է սկսվել: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական haberler.com լրատվակայքին հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» («զուգահեռ կառույցի») միջև ենթադրյալ կապի բացահայտման նպատակով հարուցված քրեական գործի շրջանակներում շուրջ 200 ոստիկանի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
Կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 29-ի առավոտյան Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ուժերը մի շարք հասցեներում համաժամանակյա գործողություն են իրականացրել: Նշված հասցեներում խուզարկություններ և մեծ թվով ձերբակալություններ են տեղի ունեցել:
Այս պահին դեռ հայտնի չէ ձերբակալվածների հստակ թիվը, սակայն նշվում է, որ ամեն ինչ արվել է ցուցակում տեղ գտած բոլոր 200 ոստիկաններին ձերբակալելու ուղղությամբ: