ՄԱԿ–ն ու ԵԱՀԿ–ն դատապարտել են Թուրքիայում արձանագրված հալածանքները մամուլի նկատմամբ, որտեղ միայն վերջին 2 օրում կալանավորվել են տասնյակ լրագրողներ, փակվել բազմաթիվ լրատվամիջոցներ։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնն ու ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն են հայտնել այն կոշտ միջոցների առնչությամբ, որոնք Թուրքիան կիրառում է ձախողված հեղաշրջման փորձից հետո։
Թուրքիայի կառավարությունը փակել է ևս երեք լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 45 թերթ և 15 ամսագիր։ Հեղաշրջման փորձից հետո կալանքի որոշում է կայացվել 89 լրագրողների վերաբերյալ, 29 պարբերական զրկվել է արտոնագրից, արգելափակվել է 20 կայք։