Մոգերինին երևանյան իրադարձությունների վերաբերյալ. կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ

10:48     31 հուլիսի, 2016

Երեկ՝ հուլիսի 30-ին, Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից: Նույն կերպ ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»:


© armedia.am