UNESCO-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել ընդունել Թուրքիայի ներկայացրած հայտը և Անի քաղաքը ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberturk լրատվական կայքին:
Կայքը նշում է, որ 1000 ու 1 եկեղեցիների և 40 փակ շուկաների քաղաք անունը ստացած Անին Թուրքիայի ամենակարևոր պատմական գանձերից է: «Բազմամշակութային կառուցվածքով միջնադարյան առևտրային կենտրոն համարվող քաղաքը 961-1045թթ հայկական Բագրատունի թագավորների մայրաքաղաքն է եղել, այնուհետև անցել բուզանդացիների, սելջուկների և վրացիների տիրապետության տակ: Քաղաքի անկումը սկսվել է մոնղոլական ասպատակություններից և 1319 թվականի երկրաշարժից հետո»:
Անիում գրանցված է 21 հուշարձան. եկեղեցիներ, մզկիթներ, վանական համալիրներ, իջևանատներ, բաղնիքներ, կամուրջներ և ջրաղացներ: