Երևանում ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպել են օմբուդսմենին

19:00     3 օգոստոսի, 2016

Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը այսօր հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են վերջին օրերի զարգացումները` դատապարտելով ուժի կիրառումն ու բռնությունը, ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով:

Տեսակետներ են փոխանակվել մարդու իրավունքների ոտնահարումների, հավաքների, արտահայտման ազատության և ատելության հրահրման վերաբերյալ, - հայտնում է Ազատությունը:

Բարձրացվել է ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառման և զանգվածային ձերբակալությունների, այդ թվում՝ ենթադրյալ բոլոր խախտումների վերաբերյալ արդյունավետ և թափանցիկ քննության անհրաժեշտության հարցը:


© armedia.am