ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այս տարվա հունվարին գաղտնի Իրան է ուղարկել 400 մլն դոլար առձեռն գումար, ընդ որում՝ դա համընկել է Իրանում ԱՄՆ 4 քաղաքացիներին բանտից ազատվելու հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին հղումով:
Աղբյուրը նշում է, որ գումարը եղել է եվրոներով, շվեյցարական ֆրանկներով և արտասահմանյան այլ թղթադրամներով, քանի որ ցանկացած դրամական գործողություն Իրանի և ԱՄՆ-ի միջև ամերիկյան դոլարներով արգելված է: Գումարը ԱՄՆ-ին են տրամադրել շվեյցարական և հոլանդական բանկերը:
Թերթը նշում է, որ դա 1.7 մլրդ դոլար գումարի մի մասն է, որը Վաշինգտոնը պարտավորվել է վճարել Թեհրանին` Իրանին ամերիկյան զենք մատակարարելու մասին վեճի կարգավորման համար, որի գործարքն այդպես էլ չէր կայացել: Այդ համաձայնագիրը Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք էր բերվել 1979-ին, երբ Իրանում տեղի էր ունեցել իսլամական հեղափոխություն, և դրա շուրջ վեճերը երկրների միջև շարունակվում էին մի քանի տասնամյակ: