Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան

12:06     3 օգոստոսի, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետևողականորեն բարձրացնելու ե՛ւ համախառն բերքի, ե՛ւ բերքատվության ցուցանիշները:

Նույն օրը Նախագահն այցելել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված «Հայրենիք» երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ և ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարևորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության և հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am