Պուտինն ու Ռուհանին Բաքվում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցությունը

11:02     4 օգոստոսի, 2016

Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռուհանին Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Այս մասին Известия-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, Պուտինն ու Ռուհանին կքննարկեն երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, իրանական կողմը շահագրգռված  է նաև ռուսական նորագույն տեխնիկայով: Բացի այդ, կողմերը կարող են քննարկել փոխգործակցության մակարդակը մինչև համատեղ զորավարժությունների անցկացման հասցնելու հարցը:

Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը օգոստոսի 8-ին մեկնելու է Բաքու՝ մասնակցելու Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին եռակողմ հանդիպմանը: Նշվում է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է պաշտպանական-արդյունաբերական համալիրի համար:


© armedia.am