Թուրքական ուժերի դեմ քրդական գործողություններն այսուհետ ընթանալու են նաև բնակելի գոտիներում

14:44     8 օգոստոսի, 2016

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողությունները  թուրքական ուժերի դեմ այսուհետ ընթանալու են ոչ միայն լեռնային, այլ նաև բնակելի գոտիներում: Այս մասին հայտարարել է  «Քրդական համայնքների միության»  համանախագահ Ջեմիլ Բայըքը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական  «Haber.sol» լրատվական կայքին:

«Պատերազմն արդեն ընթանալու է ոչ միայն սարերում, հարթավայրերում: Գործողություններն ընթանում են և ընթանալու են մեծ բնակչություն ունեցող վայրերում»,- սպառնացել է Բայըքը:

Նշելով, որ  այդ ամենը նոր փուլ է, նա զգուշացրել է, որ արդեն  քաղաքներում ծառայություն իրականացնող թուրքական ոստիկանությունը նախկինի նման չի կարող հանգիստ մնալ, քանի որ քուրդ զինյալները դիմելու են նոր գործողությունների:


© armedia.am