Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք ԵՆիգոմշյանը քիչ առաջ ազատ է արձակվել կալանքից, հայտնում է Panorama.am-ը: Գործակալության հետ զրույցում նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին դատախազի որոշումը դրական է գնահատել: Նա հայտնել է, որ այժմ պարոն Ենիգոմշյանը ազատության մեջ է:
Փաստաբանը պնդելու են, որ Ենիգոմշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օգոստոսի 8-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:
Ըստ աղբյուրի, նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով: