Բենգազիում 2012 թվականին զոհված երկու ամերիկացիների ազգականները Կոլումբիայի շրջանային դատարան ներկայացրել են հայց՝ ընդդեմ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի: Ինչպես հայտնում է Fox News-ը, դիվանագիտական ծառայության տեղեկատվական բաժնի նախկին աշխատակից Շոն Սմիթի և նախկին հատուկջոկատային Թայրոն Վուդսի ծնողները համարում են, որ Քլինթոնը մեղավոր է տղամարդկանց մահվան, ինչպես նաև դրան հաջորդած զրպարտչական արտահայտությունների համար:
Հիշեցնենք, 2016 թվականի մարտի 15-ին Քլինթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լիբիայում արշավի ժամանակ «չի կորցրել ոչ մի մարդ»՝ այդպիսով չհիշատակելով Բենգազիում 2012 թվականի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հյուպատոսության վրա հարձակումը, որի արդյունքում զոհվել են ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, դիվանագիտական ծառայության տեղեկատվական բաժնի աշխատակից Շոն Սմիթը, հատուկջոկատային Թայրոն Վուդսը և Գլեն Դոգերտին: