Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր, ինչը մեծ սկանդալի առիթ հանդիսացավ, քանի որ, ըստ մասնագետների, մեր մարզիկը պետք է արժանանար առաջին պատվավոր տեղին:
«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց սպորտային մեկնաբաններ Ռոբերտ Գասպարյանի և Գայանե Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ինչ անարդարություն է տեղի ունեցել և հնարավոր է որևէ կերպ այն բողոքարկել:
«Անարդարությունն առավել քան ակնհայտ էր: Դա երևում էր անզեն աչքով: Այն, որ սերբ ըմբիշն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը «նվաճել էր» անարդար ձևով, ընդունեցին նաև պատվո հարթակին կանգնած մյուս մարզիկները»,- ասաց Ռոբերտը: - «Նրանք առանձին առանձին մոտեցան ու սփոփեցին Միհրանին, իսկ սերբ ըմբիշն անգամ մոտ չեկավ: Զգում էր ներսից ինքը, որ իր մեդալը գրոշի արժեք չունի»:
«Միանշանակ անարդար մրցավարություն էր: Միհրանին պատժեցին մրցակցին միավոր տալով այն բանի համար, թե իբր նա պասիվ էր: Մրցավարն անընդհատ պասիվություն էր նշմարում այնտեղ, որտեղ դա չկար...Միհրանից ոսկին խլեցին: Ու ցավալին այն է, որ նրա պարագայում սա առաջին դեպքը չէ: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ խոշորագույն մրցաշարն է, որում Միհրանին զրկում են իր հաղթանակից», - իր հերթին նշեց Գայանեն: Նա հավելեց. «Նախ Բաքվում անցած Եվրոպական Խաղերի ժամանակ, ապա՝ Լաս-Վեգասում անցած աշխարհի առաջնության ընթացքում(որում, ի դեպ, Միհրանը միանգամից երկու անգամ անարդար մրցավարության զոհ դարձավ) ու վերջապես՝ սա: Մեկ անգամը պատահականություն է, երկրորդը՝ զուգադիպություն… Իսկ հետո՞»:
Ինչ վերաբերում է բողոքարկմանը, Ռոբերտ Գասպարյանը նշեց, որ լավագույն տարբերակը Լոզանի մարզական դատարանում մրցավարների որոշումների բողոքարկումն է: Իսկ Գայանե Նազարյանը կարծում է, որ այնուամենայնիվ դժվար թե որևէ բան հնարավոր լինի փոխել: Սպորտային մեկնաբանը նշեց, որ Աշխարհի առաջնությունում Միհրանի գոտեմարտը վարող մրցավարները որակազրկվեցին, բայց բուն գոտեմարտի արդյունքի վրա դա այդպես էլ անդրադարձ չունեցավ:
«Միհրանի թիկունքին, փաստորեն, կանգնող չեղավ: Իսկ տարատեսակ պատվիրակությունների ղեկավարները (Բաքվի Խաղերից մինչև Օլիմպիական), ֆեդերացիայի պատասխանատուներն ու առհասարակ մեր ԱՕԿ-ի ներկայացուցիչները ինքնահոսի թողեցին հարցը՝ տեր չկանգնելով: Միհրանի հետ մի ամբողջ ժողովուրդ էր արտասվում երեկ», - եզրափակեց Գայանեն: