Թուրքիայում գաղթական երեխաները վաղ տարիքից աշխատում են և անկանոն են հաճախում դպրոց: Այս մասին ասված է Եվրախորհուրդի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեքի՝ Թուրքիայի վերաբերյալ պատրաստած հատուկ զեկույցում, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:
«Ես մեծ թվով փոքրիկ երեխաներ տեսա, որոնք ողորմություն էին խնդրում, փողոցներում ինչ-որ բաներ էին վաճառում կամ օգնում էին իրենց ծնողներին՝ վաճառելու նպատակով հին մետաղներ հավաքելու գործում», - իր զեկույցում գրել է ճամբարներ այցելած Թոմաս Բոչեքը:
Նա նաև նշում է, որ բազմաթիվ անչափահաս գաղթական երեխաներ ստիպված են վաղ տարիքից աշխատել, չնայած, որ այդ աշխատանքի դիմաց նրանք ցավալիորեն քիչ են վարձատրվում: ԵԽ դիտորդը համոզմունք է հայտնում, որ երեխաների այդ չնչին աշխատավարձը նրանց ընտանիքների միակ եկամուտն է: Իսկ որպես արդյունք գաղթական երեխաները զրկվում են դպրոց հաճախելու հնարավորությունից: