Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր հրապարակեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: