Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler լրատվամիջոցին:
Նշվում է, որ Բարզանին Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրքական կողմի ներկայացուցիչների հետ:
Նշյալ հանդիպումների ժամանակ Բարզանին զրուցակիցների հետ անդրադառնալու է հուլիսի 15-ին Թուրքիայիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի, իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման թեմաներին: Անդրադարձ է կատարվելու նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից Մոսուլ քաղաքն ազատագրելու հարցին, ինչպես նաև թուրք-քրդական կարգավորման խնդրին:
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Բարզանին Թուրքիայում խոսելու է նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում նախատեսվող անկախության հանրաքվեի անցկացման մասին:
Աղբյուրը չի մանրամասնում, թե Բարզանին Թուրքիայում հատկապես ում հետ է հանդիպումներ անցկացնելու: