Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարծես թե նոր հնարավորություն է ստեղծում երկրի քաղաքական դաշտից մեկուսացնել Ֆեթուլլահ Գյուլենին և նրա աջակիցներին:
Վերջին շրջանում նա դարձել է «նոր Թուրքիա» ստեղծելու պայքարում Էրդողանի ամենամեծ խնդիրներից մեկը, ինչի համար էլ վերջինս փորձում է ամեն կերպ հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը:
Սկզբունքորեն, 1979 թ. «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև արտահանձնման և փոխադարձ իրավական օգնության մասին» երկկողմ համաձայնագիրը պարտավորեցնում է ԱՄՆ-ին արտահանձնել յուրաքանչյուրին, ով կանգնած է սպանություն, դավադրություն և նույնիսկ պետության ղեկավարի դեմ մահափորձ կատարելու հետևում: Սակայն ինչպես բոլոր արտահանձման պայմանագրերը, այս պայմանագիրը նույնպես իր մեջ ներառում է «քաղաքական բացառություն»: Դա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ը որոշում կայացնի, որ արտահանձնելու հայցն արվել է քաղաքական շարժառիթներով, կարող է մերժել այն: Ուստի, թուրքական իշխանությունները պետք է ջանք գործադրեն Գյուլենի դեմ զգալի ապացույցներ ներկայացնելու համար:
Այսինքն՝ նախ ԱՄՆ փաստաբանական գրասենյակներին, ապա Փենսիլվանիայի դաշնային դատարանին, այնուհետև դաշնային բարձրագույն դատարաններին պետք է ներկայացվեն հիմնարար ապացույցներ, որից հետո, վերանայելով արտահանձնման հարցումները, վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հաշվի առնելով թուրքական իշխանությունների վերջերս արված հայտարարությունները՝ կարելի է ասել, որ Թուրքիան մտադիր է հասնել Գյուլենի արտահանձմանն ամեն գնով, այդ թվում՝ սպառնալիքների միջոցով:
«Վաղ, թե ուշ Ամերիկան ընտրություն կկատարի Թուրքիայի և «ՖԵՏՕ»-ի («Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») միջև: Կամ հեղաշրջումներ կազմակերպող «ՖԵՏՕ»-ն, կամ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է ընտրություն կատարի»,- ասել է Էրդողանը:
Բացի այդ, Էրդողանը բազմիցս է ԱՄՆ-ին հիշեցրել, որ Թուրքիան վերջին տարիներին (1993-ից) կատարել է արտահանձնման մասին ԱՄՆ գրեթե բոլոր պահանջները և ներկայումս Անկարան նույնպիսի պատասխանի է սպասում ՆԱՏՕ գծով իր դաշնակցից:
Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում Էրդողանի և Գյուլենի առճակատումը դիտարկվում է որպես քաղաքական հակամարտություն, և չի համարվում, որ խնդիրն ահաբեկչական հանցանքի մեջ է, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն այժմ դժվարին խնդրի առաջ է կանգնել. մի կողմից՝ Գյուլենի շարժման ուժեղ ցանցն է (Գյուլենի շարժումն առհասարակ աշխարհի ավելի քան 160 երկրներում ունի միլիոնավոր հետևորդներ), իսկ մյուս կողմից` ՆԱՏՕ կարևոր դաշնակից Թուրքիան, որը վերջին շրջանում սկսել է մերձեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: