Էստոնիայի վարչապետը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանձնել է Էստոնիայի «էլեկտրոնային ռեզիդենտի» քարտ, տեղեկացնում է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը: «Վարչապետ Տաավի Ռիյվասն էլեկտրոնային քաղաքացիության քարտ է հանձնել կանցլեր Մերկելին: Նա դարձել է Էստոնիայի 11867-րդ էլեկտրոնային քաղաքացին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Էստոնիայի խորհրդարանը 2014 թվականի հոկտեմբերին ուղղումներ է մտցրել ինքնությունը հավաստող փաստաթղթերի մասին օրենքում՝ հաստատելով «Է-ռեզիդենտ» հասկացությունը: Օրենսդիրների մտահղացմամբ՝ սույն կարգավիճակը կտրվի օտարերկրացի քաղաքացիներին, որոնք կստանան ինքնության թվային հավաստագիր՝ նախատեսված միայն էլեկտրոնային միջավայրում օգտագործման համար: Օրինակ՝ այն կարելի է օգտագործել պետական առցանց-ծառայություններից օգտվելիս, ֆիրմաներ գրանցելիս իրավազորման համար կամ առանց երկրում ֆիզիկական ներկայության թվային ստորագրության համար: