Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին բանակցություններ են սկսել Ժնևի «Պրեզիդենտ Ուիլսոն» հյուրանոցում։
Բանակցությունների գլխավոր թեման ՌԴ-ի և ԱՄՆ-ի գործողությունների համակարգումն է Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարում: Առայժմ պարզ չէ, թե հանդիպման արդյունքում կհաջողվի՞ արդյոք որևէ փաստաթուղթ մշակել, բայց խորհրդակցությունների փուլին նախորդել է երկու երկրների դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում է նաև Հալեպի մարդասիրական իրադրությունը, հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքական գործընթացի կարգավորումը: Բացառված չէ, որ կարծարծվի նաև թուրք-սիրիական սահմանի շրջանում Թուրքիայի գործողության թեման:
Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը և երկկողմ օրակարգի հարցերը։