Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհը հաստատել է, որ Իրանը կմասնակցի սեպտեմբերին Ալժիրում անցկացվելիք Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հանդիպմանը՝ քննարկելու նավթի համաշխարհային գները կարգավորելու հարցը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Հունվարին պատժամիջոցների վերացումից հետո Իրանում նավթի արդյունահանման ծավալները աճել են՝ մոտենալով մինչև պատժամիջոցները արձանագրված օրական չորս միլիոն բարել ցուցանիշին:
Զանգանեհի հայտարարություններն արդեն իսկ ազդել են նավթի գների վրա՝ պրեմիում դասի հում նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է 62 սենթով, հասնելով 49.67 դոլարի մեկ բարելի համար: