Ռուսաստանի և Չինաստանի վետոն առաջացրել է արևմուտքի զայրույթն ու հիստերիան
Սիրիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ Ռուսաստանի և Չինաստանի կիրառած վետոն սուր քննադատության ենթարկվեց Արևմուտքի երկրների կողմից: Վերջին 4 ամիսների ընթացքում այս երկրներն արդեն երկրորդ անգամ են նման քայլի գնում: Մարոկկոյի կողմից առաջադրված բանաձևի նախագծի օգտին, որի համահեղինակներն էին նաև ԱԽ անդամ 7 երկիր, քվեարկել է 13 երկիր:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը քվեարկությունից հետո հայտարարեց, որ "հակակրանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԱԽ անդամ երկու երկրները շարունակում են խանգարել մեզ… կարգավորել Սիրիայում խորացող ճգնաժամը":
Ահա թե ինչպես է արձագանքել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. "Դեսպան Ռայսը հայտարարել է, որ մենք փորձում ենք արտագրել մի քանի ամիս առաջ Արաբական Պետությունների Լիգայի կողմից ընդունված բանաձևը: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է, և խնդիրներից մեկը, որին մենք հանդիպել ենք, կայանում է նրանում, որ, երբ սիրիական զինված ուժերը դուրս են բերվում քաղաքներից, դրանք
անմիջապես զբաղեցվում են զինյալ խմբավորումների կողմից: Այդ իսկ պատճառով եղել և մնում է իրավիճակը պարզելու անհրաժեշտությունը: Ավելին, գոյություն չունի այնպիսի սկզբունք, որ Անվտանգության խորհուրդը բառացի կրկնի տարածաշրջանային կազմակերպությունների բանաձևերը"
ՌԴ նախագահի հանձնարարությամբ արտգործնախարար Լավրովն ու Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը վաղը՝ փետրվարի 7-ին կմեկնեն Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Ասադին:
Ինքը Ասադը Դամասկոսում մասնակցել է միացյալ աղոթքին՝ նվիրված Մաուլիդ ան-Նաբիին` Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան:
Միաժամանակ Հոմսում տեղի էր ունենում ուրբաթ օրը մասսայական ռմբակոծության հետևանքով զոհվածների հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ նշված դեպքերի պատասխանատվությունն այդպես էլ ոչ ոք չվերցրեց իր վրա: Վերջին տվյալներով զոհվածների թիվը հասնում է 230-ի, իսկ սգո թափորն իր երթը վերածել էր հակակառավարական ցույցի, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Հատկանշական է, որ Ասադն ու վերջինիս շատ համախոհներ այս դեպքերի հետ կապված հայտնել էին, որ "անտրամաբանական" կլիներ ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի քննարկման շեմին նման սպանդ կազմակերպել սեփական երկրում, ուստի կասկած էր հայտնել, որ այսօրինակ "պատեհ" սադրանք կարող էին նաև դրսից կազմակերպել՝ առավել շեշտելու համար անհապաղ քայլերի անհրաժեշտությունը:
Բանաձևի արգելափակման հետ կապված սիրիացի ընդդիմադիր գործիչներն էլ հայտարարել են, որ, չընդունելով բռնությունները դատապարտող բանաձևը` ՄԱԿ-ը երկրի իշխանություններին սպանություններ կատարելու լիցենզիա է շնորհել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ԱԽ-ն բանաձևի նախագիծը դնի քվեարկության, ապա դա կլինի "սկանդալ ԱՄՆ-ի համար":
Հետաքրքրական է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ հայտարարել է, որ բանաձևի քննարկումն ի ցույց դրեց Սառը պատերազմի տրամաբանության շարունակությունը:
Տեսնենք, թե հետագայում դիվանագիտական հայտարարություններից անդին ինչպիսին կլինի Արևմուտքի արձագանքը ՌԴ և Չինաստանի կայուն դիրքորոշմանը, և թե առհասարակ Սիրիան "պահելու" Ռուսաստանի այս կտրուկ քայլերը որևէ ազդեցություն կունենա՞ն արդյոք Իրանի շուրջ ակտիվ զարգացումների վրա, թե՞ ոչ:
"Արմեդիա" ՏՎԳ
05.02.2012