Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չարտահանձնելը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ խնդիր է առաջացնում, իսկ ԱՄՆ-ի նկատմամբ եղած վստահությունն ամբողջությամբ կչեզոքանա, եթե Սիրիայի քրդերը հետ չանցնեն Եփրատ գետի արևելյան ափ: Այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն մեկնելուց առաջ «Milliyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Ermenihaber-ը:
Չավուշօղլուի խոսքով Սիրիայի քրդերի զինված ուժերը հետ չեն քաշվել Եփրատի արևելյան ափ` չնայած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հավաստիացումներին:
«Մենք էլ ասել ենք, որ հետ չնահանջելու դեպքում կհարվածենք (քրդերին): ԱՄՆ-ն մեզանից ժամանակ է ուզել: Եթե այդ ժամանակահատվածում էլ չհեռանան, կնշանակի, որ Վաշինգտոնը չի կատարում խոստումը: Այդ ժամանակ ԱՄՆ-ի հանդեպ ունեցած մեր վստահությունն ամբողջապես կկորցնենք»:
Թուրք նախարարն ավելացրել է նաև, որ այս պահին թուրք ժողովրդի մոտ ԱՄՆ-ի հանդեպ ունեցած վստահությունն ամենացածր մակարդակում է գտնվում: