Օրեր առաջ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության կողմից ՀՀ արտաքին առևտրի հետ կապված կիսամյակային վիճակագրություն հրապարակվեց, որով ամրագրվում է ՀՀ-ից արտահանման ծավալների աճի փաստը: Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ-ից արտահանման ծավալներն աճ են գրանցել արտահանվող գրեթե բոլոր ապրանքատեսակների մասով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առավել զգալի աճ կա լոլիկի շուկայում (2015թ. գրանցած 1031.5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն, 2016թ. 19754.6 հազար ԱՄՆ դոլարի արտահանում) և հագուստի ոլորտում (2015թ. գրանցած 4.12 մլն դոլարի փոխարեն 2016թ. գրանցած 9.58 մլն դոլար՝ տղամարդու հագուստի և 2015թ. գրանցած 210 հազար դոլարի փոխարեն 2016թ. գրանցած 4.7 մլն ԱՄՆ դոլարի՝ կանացի հագուստի արտահանում)[1]:
Ընդ որում, պետք է նշել, որ հագուստի արտահանման աճը մեծ մասամբ պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման ծավալների աճով, չնայած որ ԵՄ-ից նույնպես մեծացել է հայկական հագուստի պատվերների ծավալը:
Հասկանալի է, որ լոլիկի արտահանման ծավալների աննախադեպ աճը, որը, ի դեպ, ապահովվել է կրկին դեպի ՌԴ մեծ հոսքերի հաշվին, պայմանավորված է տարեսկզբին ռուս-թուրքական լարվածության առկայությամբ, ինչի արդյունքում ռուսական շուկան թուրքական լոլիկի բացը լրացրեց հայկականի հաշվին: Այս իմաստով լոլիկի արտահանման ծավալների աճն առանձնապես որակական փոփոխությունների մասին չի խոսում: Այլ է հարցը հագուստի արտահանման ծավալների աճի հետ կապված` հատկապես հաշվի առնելով, որ մինչ 2016թ.-ը ՀՀ-ից ՌԴ վերնազգեստ չի արտահանվել: Այսինքն՝ խոսքը վերաբերում է մեկնարկային արտահանմանը:
Չի բացառվում, որ դեպի ՌԴ հայկական հագուստի արտահանումը պայմանավորված է ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններով, որոնք հայ արտադրողի համար բավական պարզեցրել են արտահանման բոլոր ընթացակարգերը: Եվ առհասարակ, վիճակագրական տարբեր ժամանակաշրջանների ցուցանիշները ցույց են տվել, որ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո մեծացել են հայկական արտադրանքի արտահանման ծավալները դեպի ՌԴ: Իսկ թե ինչու է առայժմ միայն դեպի ռուսական շուկա նկատվում այդ միտումը, կարելի է բացատրել նրանով, որ հայ արտադրողը քաջատեղյակ է առայժմ միայն ռուսական շուկային: ԵԱՏՄ անդամ մնացած երկրների շուկաներին ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր:
Իրականում Հայաստանին տրված արտահանման հնարավորություններն այսօր չեն սահմանափակվում միայն ԵԱՏՄ մաքսային քաղաքականությամբ: Հայաստանը դեռևս 2006թ.-ից ԵՄ կողմից տրամադրած GSP առևտրային արտոնյալ համակարգի անդամ է, որը շուրջ 3300 տեսակ ապրանքների համար ապահովում է զրոյական վճարներով, իսկ 3900 տեսակ ապրանքների համար՝ նվազագույն սակագներով առևտուր: Մի քանի տարի անց մեր երկրին տրվել է արտոնյալ համակարգի կատարելագործված՝ GSP+ համակարգին միանալու հնարավորություն, որը ՀՀ-ն սկսել է կիրառել 2014թ.-ից:
Սակայն հետազոտություններն ու վիճակագրությունը փաստում են, որ հայ արտադրողն ամբողջ պոտենցիալով չի կիրառում այն հնարավորությունները, որոնք այսօր ներկայացված են երկու առևտրային խոշոր գործիքների կողմից: Բնական է, որ այդ համակարգերից օգտվելու համար արտադրողից ակնկալվում է որոշակի պահանջների բավարարում՝ սկսած որակականից մինչև տեխնիկական: Հասկանալի է նաև, որ դրանց կատարումն արտադրողի համար գոնե սկզբնական շրջանում պահանջում է որոշակի անհարմարավետություններ, ջանք: Սակայն այն, որ այսօրվա բիզնես հանրությանը հրամցրած հնարավորությունները չեն օգտագործվում իրենց ողջ պոտենցիալով, փաստում է վիճակագրությունը: Այս իմաստով, իհարկե, գործարարից ակնկալվում է նախաձեռնողականության աճ ու որոշակի պարտավորությունների ստանձնում: Իսկ վերջինիս հասնելու խնդիրը, ըստ էության, պետությանն է, որն էլ պետք է զբաղվի մոտիվացնող ծրագրերի ներդրումով: Այլ կերպ ասած՝ խնդիրը գլխավորապես հանգում է պատկան մարմիններ-գործարար հանրություն երկխոսության պակասին:
[1]Աղբյուրը՝ ՀՀ Պետական եկամուտների մաքսային ծառայություն, http://www.customs.am/Shared/Documents/_CI/Customs_Statistics/Export_Statistics/2016/vt_artar_exp_apr_2015_2016_Ikis.xls