ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ է լինելու: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է կառույցի գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ իրավահաջորդը կլինի Հայաստանի ներկայացուցիչը, կոնկրետ ով, հիմա չեմ կարող ասել… Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ՀԱԽ նիստում»,- ասել է Բորդյուժան:
ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կառույցի գլխավոր քարտուղարը նշանակվում է Խորհրդի (անդամ-պետությունների ղեկավարների խորհուրդ) որոշմամբ ԱԳ նախարարների խորհրդի կողմից առաջադրված անդամ-երկրների քաղաքացիներից երեք տարի ժամկետով:
2003թ.-ից այդ պաշտոնը զբաղեցրել է ՌԴ ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան: 2016թ. փետրվարին հայտարարվել է, որ որոշում է կայացվել պաշտոնի փոխանցման ռոտացիոն մեխանիզմի մշակման մասին, 2017թ.-ին Բորդյուժային կփոխարինի ՀԱՊԿ անդամ այլ երկրի ներկայացուցիչ: Այբբենական կարգով առաջինը կլինի Հայաստանի ներկայացուցիչը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնատար անձ է: Նա իրականացնում է Քարտուղարության (իրականացնում է կազմակերպության գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովումը) ղեկավարությունը, ինչպես նաև համակարգում է կառույցի մշտապես գործող աշխատանքային մարմինների գործունեությունը:
Գլխավոր քարտուղարը հաշվետու է Խորհրդին, մասնակցում է Խորհրդի, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի և Մշտական խորհրդի նիստերին:
Գլխավոր քարտուղարը համակարգում է կազմակերպության մարմինների քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի նախագծերի մշակումը և համաձայնեցումը, իրականացնում է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ աշխատանքային կապը և ներկայացնում է կառույցը վերջիններիս հետ հարաբերություններում:
Գլխավոր քարտուղարը գործող Կանոնադրության, կազմակերպության շրջանակներում կնքվող մյուս միջազգային պայմանագրերի և ընդունվող փաստաթղթերի նկատմամբ ավանդապահ է:
Ավելացնենք, որ այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում էր Հայաստանը: Երևանը իր նախագահության գերակայություններ էր հայտարարել ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացումը, ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացումը, արտաքին քաղաքականության համակարգումը, ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործումը, խաղաղապահ ներուժի մեծացումը, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցությունը: