Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ղազախստան կատարելիք այցի շրջանակներում հոկտեմբերին ծրագրում է այցելել նաև Ադրբեջան. այդ մասին հայտնում է իսրայելական NRG պարբերականը: Ինչպես նշում է պարբերականը, Թել Ավիվը վերջին տարիներին հետաքրքրված է Ադրբեջանի և շիական բնակչություն ունեցող մուսուլմանական այլ երկրների հետ կապերի ամրապնդմամբ:
Պետք է նկատել, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև վերջին տարիներին տնտեսական կապերը բավականին ընդլայնվել են. Ադրբեջանի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 3,5 մլրդ դոլար, ընդ որում հիմնականում այն կենտրոնացած է նավթային սեկտորի վրա: Այսպես, Իսրայելը համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից մեկն է: Ադրբեջանը ապահովում է Իսրայելի նավթի պահանջի 40 տոկոսը: Միևնույն ժամանակ Ադրբեջանը գյուղատնտեսության, ռազմական արդյունաբերության և հեռահաղորդակցության ոլորտում իսրայելական բարձր տեխնոլոգիաների կարիքն ունի:
Սակայն հարկ է նշել, որ երկու երկրների միջև համագործակցությունը միայն տնտեսական ոլորտով չի սահմանափակվում: Ինչպես ընդգծում են իսրայելցի քաղաքագետները, Իսրայելը ղարաբաղյան պատերազմի (ինչպես նաև քառօրյա պատերազմի) ժամանակ և՛ ռազմատեխնիկական, և՛ դիվանագիտական առումով բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին, չնայած որ Բաքուն ճանաչում է անկախ պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները, չնայած իրենց ռազմավարական բնույթին, որոշակի առանձնահատկություններ ունեն:
Այսպես, մինչ այժմ Ադրբեջանի նախագահներից կամ վարչապետներից ոչ ոք պաշտոնական այց չի կատարել Իսրայել. ամենաբարձր մակարդակով այցելությունն Իսրայել եղել է ԱԳ նախարարի մակարդակով: Բացի այս՝ արդեն երկար ժամանակ է՝ երկկողմ հարաբերությունների օրակարգում է հրեական պետությունում ադրբեջանական դիվանագիտական առաքելություն բացելու հարցը: Փորձագետներն այս կապակցությամբ նշում են, որ Բաքվում վախենում են Թել Ավիվի հետ մերձեցման նման նշաններ ցույց տալ՝ վախենալով Իրանի արձագանքից: Թեհրանում, բնականաբար, հավանություն չեն տալիս հարևան Ադրբեջանի մերձեցմանը մի երկրի հետ, որի հետ արդեն երկար տարիներ առճակատման մեջ են:
Թեհրանը իր դժգոհությունը այս կապակցությամբ պարբերաբար արտահայտում է ադրբեջանական կառավարության վարած «հակակրոնական» քաղաքականության քննադատությամբ: Սակայն բացահայտ կտրուկ քայլեր այս ուղղությամբ չեն ձեռնարկվել: Հաշվի առնելով Իսրայելի աջակցությունը Բաքվին՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ, և Իրանի չեզոքությունն այս հարցում՝ Բաքուն դժվար թե հրաժարվի Իսրայելի հետ մերձեցումից, նշում են փորձագետները: