Իրանը ծրագրում է երկաթգիծ կառուցել, որը կմիավորի Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի քաղաքները։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Իրանի ճանապարհների և քաղաքաների զարգացման նախարար Աբբաս Ահունդիին։
Ահունդին հայտարարել է, որ Իրանը փորձում է կապել Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքը Թուրքիայի հետ։ «Մենք մշակում ենք երկաթուղային հաղորդակցության բոլոր տարբերակները Ռեշտից Զենջան և Տևրիզ։ Այդ երկաթուղին կմիավորի քաղաքները Թուրքիայում, Հայաստանում և Նախիջևանում»,- ասել է նա։
Հայաստան-Նախիջևան երկաթուղին արդեն իսկ գոյություն ունի, սակայն այժմ չի գործում։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանները փակ են Հայաստանի հանդեպ հարևան երկրների վարած շրջափակման քաղաքականության հատևանքով։