Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիության կազմից բլոկի արժեքներին նրա քաղաքականության անհամապատասխանության պատճառով, փոխանցում է Die Welt–ը։
«Մենք չենք կարող համակերպվել, որ ԵՄ հիմնարար արժեքները զանգվածաբար ոտնահարվում են»,- ասել է Ասսելբորնը։
Այն երկրները, որոնք Հունգարիայի նման պատերազմից փախչողների դեմ պատնեշներ են կառուցում, սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունն ու դատական իշխանության անկախությունը, պետք է ժամանակավորապես կամ ընդմիշտ հեռացվեն ԵՄ կազմից»,- ընդգծել է Ասելբորնը:
Նրա կարծիքով` երկիրը հեռու չէ «փախստականներին գնդակահարելուց», որոնք փորձում են հատել սահմանը:
Ասելբորնի խոսքով՝ ԵՄ–ից Հունգարիային ժամանակավոր կամ վերջնական հեռացնելը միակ հնարավորությունն է ԵՄ արժեքներն ու համախմբվածությունը պահպանելու համար։
Սրան ի պատասխան՝ Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սզիջարտոն անմիջապես հայտարարել է, որ Ասելբորնը վաղուց արդեն չի պատկանում այն քաղաքական գործիչների թվին, ում կարելի է լուրջ ընդունել:
Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուոլտեր Շտայնմայերն իր հերթին նշել է, որ ամենևին չի կիսում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը Հունգարիայի հարցում:
«Ես հասկանում եմ, որ ԵՄ որոշ անդամներ արդեն անհամբեր են դարձել այս ճգնաժամի ֆոնին, բայց նրանց կառույցի դուռը ցույց տալն իմ անձնական մոտեցումը չէ», - հայտնել է Շտայնմայերը:
Նշենք, որ օգոստոսի վերջին Բուդապեշտը հայտնել է Սերբիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու պլանների մասին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ դա կարող է զսպել փախստականների հոսքը:
Բացի Հունգարիայից, սակայն, Ավստրիան ևս, որն ի սկզբանե Գերմանիայի պես կարեկցանք էր ցույց տալիս փախստականներին, հիմա աջակցում է իր արևելյան հարևանին՝ կոչ անելով հունգարական ոճի լուծում տալ միգրացիոն խնդրին:
Ինչևէ, ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 16-ին, Եվրամիության գագաթաժողով տեղի կունենա Բրատիսլավայում, Սլովակիայում: ԵՄ առաջնորդները կքննարկեն Եվրոպական Միության ապագան, որտեղ փախստականների ճգնաժամը կրկին կլինի գլխավոր թեմաներից մեկը: