Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կկայանա հանրաքվե՝ նախագահի լիազորությունների ընդլայնում նախատեսող սահմանադրական փոփոխությունների հարցով: Վստահությամբ կարելի է կանխատեսել, որ ադրբեջանցիները, կարելի է ասել միաձայն, կողմ են քվեարկելու նախագահի լիազորությունների հերթական ընդլայնմանը՝ չնայած ընդդիմության կողմից ցուցաբերվող որոշակի դիմադրությանն, որն, ի դեպ, արտոնված է Բաքվի կողմից: Այսպես, ադրբեջանական իշխանություններն արտոնել էին ընդդիմության կողմից սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքի անցկացումը, որն այդքան էլ բնորոշ չէ Բաքվի իրականացրած քաղաքականության ոգուն: Սակայն հարկ է նշել, որ ոստիկանությունը բողոքի ակցիան նախաձեռնող «Ազգային խորհրդին» և «Մուսաֆաթ» կուսակցությանը նախազգուշացրել էր, որ հանրահավաքի ժամանակ սադրիչ գործողությունները թույլ չի տա՝ մի խոսքով այսկերպ Ադրբեջանը փորձում է չափավոր ժողովրդավարություն խաղալ Արևմուտքի հետ, որը անտարբեր չէ Ադրբեջանում հակաժողովրդավարական զարգացումների հանդեպ: Ամեն դեպքում, Արևմուտքը դեռևս գնահատականներ չի տվել առաջարկվող սահմանադրական փոփոխություններին: Նշենք, որ Վենետիկյան հանձնաժողովը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունը պատրաստվում է ներկայացնել հանրաքվեից մեկ շաբաթ առաջ: Չնայած ադրբեջանցի ակտիվիստների խնդրանքին՝ Եվրոպայի խորհուրդը ևս հապաղում է իրավական գնահատական տալ սահմանադրական փոփոխություններին:
Անկախ փոփոխությունների գնահատականից՝ փորձագետները կանխատեսում են, որ Արևմուտքի արձագանքը հանրաքվեի արդյունքներին միանշանակ չի լինելու: Այսպես,
Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ը սուր քննադատության կենթարկի Բաքվի իշխանություններին, իսկ Եվրոպայի արձագանքն ավելի մեղմ կլինի կապված Ադրբեջանի հետ վերջինիս էներգետիկ հարաբերություններով:
Նշենք, որ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով մասնավորապես, առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների ու առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով: Ընդ որում, նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը նախատեսվում է վարչապետից փոխանցել առաջին փոխնախագահին:
Բացի այդ, առաջարկվում է փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»,ինչպես նաև Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց դարձնել 7 տարի: Օրենսդրական ուղղումներն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի: