ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, թվիթերյան իր էջում ներկայացրել է ԱՄՆ իր ներգաղթի մանրամասները, բայց դրա հետ կապված փաստաթղթեր չի հրապարակել, գրում է РИА Новости-ն:
Թրամփի հակառակորդները ենթադրում էին, որ ծնունդով սլովենացի Մելանյա Թրամփն ԱՄՆ-ում որպես ֆոտոմոդել է աշխատել 90-ական թվականներին՝ այդ ընթացքում ամերիկյան տարածքում գտնվելով զբոսաշրջային վիզայով, ինչն օրենքի խախտում է:
Մելանյա Թրամփն թվիթերյան իր էջում նամակ է հրապարակել փաստաբան Մայքլ Ուայլդսից, որում ասվում է, որ իրավաբանն ուսումնասիրել է Մելանյա Թրամփի ներգաղթի փաստաթղթերը: «Ներգաղթի հարցերով փաստաբանի նամակը պարզ հայտարարում է, որ ես 100%-ով ճիշտ կերպով անցել եմ իրավաբանական գործընթացը, երբ ԱՄՆ ժամանեցի»,- հայտարարել է Թրամփը:
Փաստաբանի խոսքերով՝ Մելանյա Թրամփն ԱՄՆ է ժամանել 1996թ. զբոսաշրջային վիզայով, հետո այն փոխարինել է աշխատանքային վիզայով, որը հետո 5 անգամ երկարաձգել է: 2001թ. Մելանյա Թրամփը ԱՄՆ-ում բնակության թույլտվություն է ստացել: