«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տորոնտոյի իր տեղական մարմնի միջոցներով մասնակի վերանորոգում է իրականացնում Մատաղիս համայնքի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) միջնակարգ դպրոցում:
«Հերթական աշխատանքային այցի ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցը մասնակի վերանորոգման կարիք ունի»,- պարզաբանում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:
Աշխատանքները մոտենում են ավարտին, և ուսումնական գործընթացն արդեն իսկ ընթանում է բնականոն պայմաններում, հայտնում է հիմնադրամը:
Մասնակի վերանորոգումներ են կատարվել տանիքի, սանհանգույցների մաշվածությունը վերացնելու նպատակով: Տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Միջանցքների և դահլիճի հատակները պատվել են պրեսգրանիտով, իրականացվել են արտաքին հարդարման աշխատանքներ:
«Նորոգման այս աշխատանքները ավելին են համայնքի համար, քան պարզապես դպրոցի նորոգում. ամեն անգամ, երբ հիշում եմ այն փոքրիկ կառույցը՝ այսօրվա մանկապարտեզի շենքը, որտեղ ես եմ ուսանել», -ասում է դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը:
Այս համայնքի նկատմամբ տորոնտոհայերի ուշադրության վկայությունն է նաև ամռան սկզբին տորոնտոհայ բարերար Բերց Լուլեցյանի կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենան: Մեկ շտապօգնության մեքենա էլ բարերարը 2014թ.-ին նվիրել էր նույն շրջանի Նոր Մարաղա գյուղին: