Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այսօր վարեց Կառավարության նիստը: Հենց սկզբում նա հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Հանձնարարում եմ ՊԵԿ-ին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Հարկային տեսչական ստուգումները կատարվեն միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ, ՓՄՁ-ներում հնարավորինս զերծ մնան: Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ առանց բիզնեսին խոչընդոտելու՝ որևէ ստուգում չպետք է խանգարի բիզնեսի ամենօրյա աշխատանքին», հայտնում է Ա1+-ը:
Վարչապետը հանձնարարեց նաև ՀԾԿՀ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնել. «Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ միայն ի հաշիվ տնտեսվարողների»: