ՀՀ ոստիկանապետը հանձնարարականներ է տվել ՊՊԾ գնդի ծառայողներին

13:14     16 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության և անձնակազմի հետ, հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության պետն անդրադարձավ հուլիսի դրամատիկ իրադարձություններին, այդ օրերին ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին և ընդգծեց պարտքի կատարման գիտակցման կարևորությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաև կադրային փոփոխությունների միջոցով դեռևս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը և վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները: 
Ամփոփելով խորհրդակցությունը` Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` պարեկապահակետային գնդի ղեկավարներին ու ծառայողներին մեկ անգամ ևս պատվիրելով առաջնորդվել օրենքի գերակայության պահպանման, պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման, իրավապահի բարոյական պատասխանատվության և անդավաճան զինակցության սկզբունքներով:


© armedia.am