Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության տարաձայնություններն ու փոխադարձ մեղադրանքերը հասել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահությանը՝ պահանջելով վերջ դնել Եմենի Հութի զինյալներին իրանական մաքսանենգ զինամթերքի մատակարարումը, ինչը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 2216 բանաձևի կոպիտ խախտում: Այս մասին հայտնում է սաուդական Al-Arabiya գործակալությունը:
Սաուդացի դիվանագետի կարծիքով Եմենի զինյալներին իրանական զենքի մատակարարումը ոչ միայն ոտնահարում է վերոնշյալ բանաձևը, այլ նաև «սպառնում է Սաուդյան Արաբիայի, Եմենի և ողջ տարածաշրջանի կայունությանը»: Հետևաբար, Սաուդյան Արաբիան պահանջում է ՄԱԿ Անվտանգության խորհրդից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որ Իրանը ձեռնպահ մնա Եմենում բոլոր տեսակի ապօրինի գործողություններից:
Նշենք, որ Թեհրանի և Էլ-Ռիյադի հարաբերություններում լարվածության հերթական փուլը սկսվեց սեպեմբերի 5-ին, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խոմեյնին Սաուդյան Արաբիայի ղեկավարներին մեղադրեց նախորդ տարի Մեքքա ուխտագնացության (հաջ) ժամանակ շուրջ 470 իրանցի ուխտավորների մահվան մեջ: Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթին հայտարարեց, որ «Իրանի ղեկավարներն իրականում մուսուլման չեն և սուննի մուսուլմաններին վերաբերվում են թշնամիների նման»:
Չնայած Al-Monitor-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ավելի ուշ Էլ-Ռիյադը ոչ պաշտոնական խողովակներով հայտնել է Թեհրանին, որ սաուդացի գլխավոր մուֆթի մեկնաբանություննրը չեն արտահայտում սաուդական թագավորության պաշտոնական դիրքորոշումը, փոխադարձ մեղադրանքները չդադարեցին:
Իրավիճակն այնքան է սրվել, որ խոսք է գնում անգամ ռազմական ուղղակի բախման մասին: Մեքքայի նահանգապետը, պատասխանելով իրանական քննադատությանը, կոչ է արել Թեհրանին դադարեցնել «սխալ վերաբերմունքը արաբների նկատմամբ», հայտնում է Reuters գործակալությունը: «Եթե նրան զենք են պատրաստում մեզ վրա հարձակվելու համար, պետք է իմանան, որ մենք հեշտ նվաճվողներից չենք», - հայտարարել է սաուդացի պաշտոնյան:
Իրանի և Սաուդյան Արաբիայի հակասությունները չեն սահմանափակվում միայն Եմենով և հաջով: Կողմերը խիստ իրարամերժ դիրքորոշում ունեն նաև տարածաշրջանային այլ հակամարտությունների շրջանականերում, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Բահրեյնում և այլն: Եվ չնայած առկա լարվածությանը՝ փորձագետները Իրանի և Սաուդյան Արաբիայի ուղղակի ռազմական առճակատման հավանականությունը բարձր չեն գնահատում: