Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալության և Երևանի քաղաքապետարանի միջև մեր մայրաքաղաքին միջազգային վարկանիշ շնորհելու գործընթացի մեկնարկի մասին համաձայանգիր է ստորագրվել: Փաստաթղթի պաշտոնական վավերացումն իրականացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Fitch Ratings գործակալության ՌԴ և ԱՊՀ հարցերով գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովի կողմից, ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Երևան քաղաքի համար հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ ձեռք բերելու գործընթացի ամբողջական իրականացման արդյունքում, համաշխարհային ֆինանսական քարտեզից օգտվողների պարագայում այսուհետ տեսանելի կլինի Երևանը՝ իր միջազգային վարկանիշով, ինչը շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն կընձեռի հստակ պատկերացում կազմելու, թե ներկայում զարգացման ինչ մակարդակ ունի մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգը և քաղաքային տնտեսությունը, փոխանցում է panarmenian.net-ը։