Հայ ավանդական երեք կուսակցություններ. Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել (հայտարարություն)

15:55     19 սեպտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ հայտարարությամբ են հանդես եկել հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ազգային երեք կուսակցությունների՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմիններս, հանուն մեր շարքերի և համակիր շրջանակների ողջունում է Հայաստանի անկախ հանրապետության 25-րդ տարեդարձը և այս առթիվ հայտարարում.

ա. Մեր աներեր նվիրումը՝ Հայաստանի անկախ պետականության հզորացման գործին։

բ.  Մեր մտահոգությունը, թե Հայաստանի 25-ամյա երիտասարդ հանրապետությունը տակավին դիմագրավում է արտագաղթի հարցը: Մեր խորին համոզումն է, որ  արտագաղթի կասեցման նպատակով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն երկրի սոցիալական և տնտեսական իրավիճակի, դատաիրավական համակարգի հիմնովին փոփոխությունների և բարեկարգելու ուղղությամբ։

գ. Մեր համոզումը, որ՝ արցախյան հարցի լուծումը հնարավոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դեմ ենք սակայն՝ հող խաղաղության համար հնչեցվող փոխզիջման տարբերակին, և հաստատում ենք, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:

դ. Մեր վճռականությունը՝ հայրենի ժողովրդին թև ու թիկունք կանգնելու և իրենց արդար ու բարգավաճ երկիր կառուցելու ձգտումներին սատարելու։

ե. Գործակցությունը՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները կիրարկվեն ամենալայն չափերով։

զ. Վերջապես, ԱՄՆ հայ համայնքի կարողականության առավելագույն կազմակերպումով ու համագործակցության մթնոլորտի ամրապնդման ճամփով՝ նոր որակով Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման ի նպաստ աշխատանքներն առաջ տանելու հանձնառությունը։

Կեցցե Հայաստանի Անկախ Պետականությունը,

Կեցցե Հայաստանն ու Արցախը,

Կեցցե հայ ժողովուրդը»։


© armedia.am