«Իսկանդերը» ՀՀ-ում՝ զենք խաղաղարար առաքելությամբ

19:00     19 սեպտեմբերի, 2016

Ուրբաթ օրը սոցիալական ցանցերում հայտնվեցին Երևանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձից լուսանկարներ, որոնց թվում նաև օպերատիվ-մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգերի նկարները: Նշենք, որ Հայաստանի՝ «Իսկանդեր» ունենալու մասին խոսվում է վաղուց, սակայն մինչ այժմ այսպես ասված փաստացի ապացույցներ չէին ներկայացվել: Մասնավորապես նշվում էր, որ Հայաստանը «Իսկանդեր» ձեռք է բերել նախորդ տարի: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկության, այս համակարգերը որևէ կապ չունեն Մոսկվայի կողմից ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկի հետ: Դրա մասին է վկայում նաև այն, որ վարկի վերաբերյալ համաձայնագրին կից փաստաթղթերում գնման ենթակա զինատեսականների ցուցակում «Իսկանդերը» չէր նշվում:

Լուսանկարների հայտնվելուց հետո ռուսական կողմը հստակեցրել է, որ այդ զինատեսակի առաքման մասին պայմանագիրը կնքվել է այդ վարկից դուրս: Ինչպես գրում է Ведомости-ն, «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն դրա հետ չունի, քանի որ այդ զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին:

Առաջին անգամ Հայաստանին «Իսկանդեր» մատակարարելու մասին խոսվել է 2013 թվականին, սակայն այն ժամանակ խոսքը Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազային մատակարարումների մասին էր: Ըստ REGNUM-ի՝  ՀՀ զինված ուժերին «Իսկանդերի» մատակարարման մասին պայմանագիրն ամենայն հավանականությամբ ստորագրվել է 2014 թվականին, սակայն արդեն ոչ թե ռուսական ռազմաբազային, այլ ՀՀ զինված ուժերին, գրում է REGNUM-ը՝ հավելելով, որ մատակարարումները սկսվել են 2015 թվականին: Այդպիսով, Հայաստանը դարձել է միակ երկիրն, որին Ռուսաստանը մատակարարել է այս զինատեսակից:

Ենթադրվում է, որ Հայաստանին մատակարարվել է 300 կմ հեռահարությամբ հրթիռային համակարգը, քանզի դրանից ավելի հեռու թռչող հրթիռների վաճառքը արգելվում է միջազգային պայմանագրերով: Ըստ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու, «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան:

Նման զենքի առկայությունը Հայաստանի մոտ զսպիչ ազդեցություն կունենա Ադրբեջանի համար լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար, քանի որ այն կարող է ոչնչացնել, ոչ միայն հրամանատարային կարևոր շտաբերը, այլ նաև երկրի կարևոր ենթակառուցվածքային՝ մասնավորապես նավթագազային օբյեկտները: Փաստորեն, «Իսկանդերը» ինչ-որ առումով տարածաշրջանի համար խաղաղարար նշանակություն ունի:

Ավելացնենք, որ ադրբեջանական մամուլը փորձում է Հայաստանի զինանոցում նման զենքի առկայության ապացույցներին սառնասրտորեն վերաբերել, սակայն ԶԼՄ-ների հրապարակումներից պարզ է դառնում, որ «Իսկանդերն» այնումենայնիվ մտահոգության առիթ է դարձել Բաքվում: Ադրբեջանական մամուլը մասնավորապես այս կապակցությամբ սկսել է գրել է, որ Բաքուն Նախիջևանում ունի հրթիռներ, որոնք ունակ են հարվածելու Երևանին և Մեծմորի ատոմակայանին, ինչպես նաև հանգստացնում են բնակչությանը՝ նշելով, որ «Իսկանդերներն» իրականում ուղղված են ոչ թե Ադրբեջանի, այլ Սիրիայի գրոհայինների դեմ:


© armedia.am