ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Ռաֆայելովայի հետ:
- Ինչպե՞ս է իրեն զգում հունական համայնքն անկախ Հայաստանում:
- Հույները Հայաստանում բնակվում են շուրջ 250 տարի՝ մասնավորապես Երևանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդիում: Հայաստանում հույներն ունեին բավականին ուժեղ և միաձույլ համայնք: Սակայն անցած դարի վերջերին Սովետական կարգերի փլուզման հետ մեկտեղ` պատկերը փոխվում է, քանզի նրանց մի մեծ զանգված լքում է Հայաստանը՝ վերաբնակվելով Հունաստանում: Այժմ, ըստ պաշտոնական աղբյուրների, ՀՀ-ում բնակվում է մոտ հազար հույն: Չնայած անկախության հետ միաժամանակ բազմաթիվ հայերի հետ նաև հույները լքեցին իրենց ծննդավայրը, բայց միևնույն ժամանակ պահպանեցին սրտացավ կապը պատմական հայրենիքի՝ Հունաստանի հետ։
- Հայաստանում գործո՞ւմ է հունական եկեղեցի կամ դպրոց:
- Եկեղեցիներ կան Մադանում, Հրազդանոմ։ Ցավոք, հունական ուղղափառ գործող եկեղեցի համայնքը չունի, սակայն հաճախում են հայկական կամ ռուսական եկեղեցիներ։ Մինչև սովետական կարգերի հաստատվելն ունեցել են մայրենի լեզվով դպրոցներ: Սակայն հետագայում դրանք փոխարինվել են ռուսականով: Այժմ տարբեր համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ցանկացողները կարող են ծանոթանալ հունարենին և հունական մշակույթին։ Երևանում հրատարակվում է նաև եռալեզու թերթ (հունարեն, հայերեն, ռուսերեն), համայնքն ունի 15 րոպեանոց ռադիոեթեր: Գործում են պարի համույթներ: Հայաստանի հույները ակտիվորեն մասնակցում են ազգային տոնակատարություններին, հիշատակի օրերին: Տոնում են Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը, հունվարի 7-ին՝ Լույսի տոնը: Հայաստանի հույները նշում են նաև մարտի 25-ը` Հունաստանի անկախության օրը, երբ 1821 թ.-ին Հունաստանը ազատագրվեց թուրքական լծից: Նշվում է «Օխի»-ի օրը, երբ Հունաստանն ազգովի «ոչ» ասեց ֆաշիզմին: Մայիսի 19-ին Հայաստանի հույները հարգում են Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը:
- Որևէ աջակցություն Հունաստանի կողմից ցուցաբերվո՞ւմ է:
- Հունաստանը բավական օգնություն է ցուցաբերել Հայաստանում բնակվող հույներին։ Մասնավորապես 90-ական թվականներին բազմաթիվ ծագումով հույն երեխաներ ամառային հանգիստն անցկացնում էին Էգեյան և Ադրիատիկ ծովերի ափին, մեծ թվով ուսանողներ սովորել են Աթենքի և Սալոնիկի համալսարաններում և այլն։ Այժմ պատկերը փոքր-ինչ այլ է։ Հունաստանն ապրում է խորը տնտեսական ճգնաժամ, բայց հնարավորինս փորձում է աջակցել համայնքին։
- Հույն համայնքը Հայաստանում որևէ կերպ պատրաստվո՞ւմ է անկախության օրվան: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում:
- Այո՛, համայնքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զանազան տոնական արարողություններին: Ազգային փոքրամասնությունների խորհուրդը հոկտեմբեր ամսին Վայոց Ձորում կազմակերպելու է միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, որտեղ իր լուման կունենա նաև հունական համայնքը։